Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
11.02.2020 | 03:46
Մենք արդեն քննարկել ենք կոռուպցիայի երևույթը՝ նշելով դրա վնասակար ազդեցությունը երկրների տնտեսական, մշակութային, առողջապահական, սոցիալական ու մնացած բոլոր կարևոր բնագավառների վրա: Համեմատության մեջ դրեցինք տնտեսական հաջողություններ արձանագրած Հարավային Կորեայի և տնտեսական ու քաղաքական կոլապսի մեջ հայտնված Հայաստանի կոռուպցիոն ուրվագծերը: Հետաքրիր է, որ Հարավային Կորեայի ֆենոմենը տարբեր կերպ է ընկալվում Հայաստանի սոցիալական տարբեր խմբերի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարող, բայց իրականում չպայքարող ու այն շարունակ առաջ տանող հայ չինովնիկների ընկերակցությունը կարծում է, թե կոռուպցիան վերացնելը դժվարին գործ է, միանգամից չի ստացվի։ Տեսեք, թե ինչ է կատարվում Հարավային Կորեայի նման զարգացած երկրում. նախորդ 4 նախագահները կաշառակեր են։ ուրեմն այնտեղ էլ կոռուպցիա կա, չի վերացել: Ցանկացած արդարացում գռեհիկ ու պարզամիտ տեսակետ է, որը բխում է կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չունեցող կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կոռուպցիան պահպանելու հատուկ շահագրգռություն ունեցող պետական պաշտոնյաներից, ինչը ևս ունի իր բացատրությունը:
Ցանկացած մարդու, առավել ևս ի ծնե իշխանատենչների մեջ կա սոցիալական ավելի բարձր շերտերում հայտնվելու բնական ձգտում, ինչը կենսագործելու երկու ճանապարհ ունի:
Առաջինը դժվարին է ու ոչ բոլորին հասանելի, դրանով առաջ շարժվելու համար երկար ժամանակ, գիտելիքներ, աշխատասիրություն, համբերություն են պահանջվում, մի քիչ էլ բախտ ու հաջողություն է պետք ունենալ:
Երկրորդը ծույլերի համար է ու շատ հեշտ ճանապարհ կարճ ժամանակում հնարավոր է սոցիալական նշանակալի արդյունքի հասնել գողության, կաշառակերության ու կոռուպցիայի միջոցով:
Երկար ժամանակ սեփական պետություն չունեցող, օտարների լծի տակ տառապած ժողովրդի համար կաշառք տալը գրեթե պարտադիր է եղել, դարձել է փրկագնի նման մի բան՝ որպես անձի ու ընտանիքի անվտանգությունն ապահովելու և գոյատևման պայման: Հիմա նոր ժամանակներ են, ունենք անկախ պետություն ու սեփական իշխանություններ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել այդ վնասակար սովորություններից ձերբազատվելու և ժամանակակից հզոր տնտեսություն ստեղծելու համար, որպեսզի հայ մարդը կարողանա ապրել իր հայրենիքում՝ սոցիալական ապահովության, բարեկեցության ու անվտանգության պայմաններում: Կաշառակերության ու կոռուպցիայի պայմաններում այդ իղձերը իրականություն չեն դառնա, այստեղ իսկական հեղափոխական փոփոխություններ են պահանջվում, առաջին հերթին, մարդկանց գիտակցության մեջ: Եթե արտագաղթած մեր քաղաքացիները առանձնակի հիացմունքով են խոսում Ամերիկայում կամ այլ բարգավաճ երկրներում ստեղծված բացառիկ հնարավորությունների, կյանքի ու ապրուստի, աշխատանքի ու օրենքների մասին, ապա դրանց պետք է ձգտել ոչ թե հայրենիքից հեռանալով, այլ հայրենիքում նման պայմաններ ստեղծելու պատրաստակամությամբ՝ անձնական մշտական պայքար մղելով կաշառակերության ու կոռուպցիայի դեմ, ինչպես, օրինակ, արվել ու արվում է Հարավային Կորեայում՝ հասարակության ակտիվ մասնակցությամբ:
Հարավային Կորեայի նախագահների հարցում ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը. բանտարկված չորս նախագահներն ապացուցում են, որ այդ երկրում կոռուպցիայի ոտքերը կարճ են, որովհետև նրանք կտրվում են դեռևս սաղմնային վիճակում, իսկ կոռուպցիան սկսվում է վերևներից, իշխանական օղակներից ու իջնում ներքև, դեպի հասարակությունը, բայց ոչ հակառակ ուղղությամբ: Բանտարկված նախագահների իրողությունը աշխատանքային լրացուցիչ խթան է տալիս գործարար աշխարհին ու հասարակ մարդկանց, երկիրը կերտողներին, որովհետև հասարակության մեջ հաստատվելու է վստահության և համոզվածության կայուն մթնոլորտ, որ արտադրական հարաբերություններում կոռուպցիան տեղ ու դեր չի ունենալու, խորամանկելով, սրան-նրան խաբելով ու կաշառքներով սեփական սոցիալական խնդիրները լուծել չի լինի, անգամ փորձել պետք չէ, որովհետև սպասվող պատիժն անխուսափելի ու դաժան է լինելու։ Սեփական սոցիալական խնդիրները լուծելու միակ հնարավոր միջոցը մնում է սեփական քրտինքը, արդար ու ստեղծագործ աշխատանքը:
Սոցիալական կայուն ու բարվոք վիճակը պահպանելու համար պետք է ակտիվորեն մասնակցել կոռուպցիայի դեմ մղվող համաժողովրդական պայքարին՝ իմանալով, որ այդ մոլախոտը կարող է նորից բարձրանալ: Տարբեր երկրների կոռումպացվածության աստիճանը գնահատելու համար պետք չէ հեռուն գնալ, այն կարելի է չափել տանը նստած՝ ելնելով, օրինակ, ձեր տրամադրության տակ հայտնված կենցաղային տեխնիկայի հուսալիությունից: Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ հարավկորեական «Samsung»-ի արտադրության համակարգիչները, լվացքի մեքենաները կամ հեռուստացույցները կարող են անխափան աշխատել 10 տարուց ավելի, նշանակում է` կոռուպցիան այդ երկրում շատ ցածր մակարդակի վրա է, զրոյացվել է և որևէ դեր չի կարող ունենալ մարդկանց սոցիալական ու արտադրական հարաբերություններում:
Կոռուպցիայի իրական վնասների մասին մենք դեռ կխոսենք, բայց արձանագրենք դրա անմիջական բացասական ազդեցությունը թողարկված արտադրանքի որակի ու ինքնարժեքի վրա: ԽՍՀՄ տարիներին այդ ազդեցությունը զգալի էր: 1981-ին առանձնազրույց ունեցա Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի հետ։ Բողոքում էր Աբովյանի «Սիրիուս» գործարանի արտադրած «Ս5-21» միկրոպրոցեսորներից.
-20 մեքենա ենք ստացել, ոչ մեկը չի աշխատում:
ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության գլխավոր կոնստրուկտորների սիմպոզիումի առիթով կազմակերպված բանկետի ժամանակ նա ավելի հարգալից ելույթ ունեցավ.
-Հայ մասնագետների հետ մենք աշխատում ենք միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, նրանց արտադրանքի օրինակով ուսանողներին բացատրում ենք միկրոպրոցեսորների առանձնահատկությունները, կոնստրուկտիվ էլեմենտների դասավորությունը և այլն:
Իհարկե, ես գիտեի, բայց չէի կարող ասել հայկական արտադրանքի չաշխատելու գաղտնիքը, որ կոռուպցիան այն աստիճանի է զարգացել, որ մեր հանրապետությունում գողանում ու մարսում են անգամ միկրոսխեմաների ոսկիները:
Ալեքսանդր Բուտաևի հետ մենք էլ որոշեցինք այդ պրոցեսորներն օգտագործել «Պոզիստոր ՊՖ» ֆոտոսկանի նախագծման ժամանակ. 20 րոպեից ավելի չէին աշխատում։ Մոտ 10 նմուշից հետո հասկացանք, որ դրանք ոչ թե պրոցեսորներ, այլ բուտաֆորիա են, որի անվան տակ Հայաստան էր բերվում 99,9999 մաքրությամբ տեխնոլոգիական ոսկին ու յուրացվում: Հետաքրքրության համար կարող ենք գնահատել ԽՍՀՄ (Հայաստանի օրինակով) և Հարավային Կորեայի կոռումպացվածության աստիճանը՝ «Samsung» միկրոկոմպյուտերի 15x365x8 աշխատանքային ժամերը բաժանելով «Ս5-21»-ի 0,3 ժամի վրա և քառակուսի բարձրացնելով, կստանանք 21 միլիարդ 316 միլիոն թիվը: Այսինքն ԽՍՀՄ-ում կոռուպցիայի վնասները գերազանցում էին 20 միլիարդի սահմանը, ինչի պատճառով կոմունիստական մեր երկիրը երբեք չէր կարող մրցակից դառնալ հարավկորեական, էլ չեմ ասում ճապոնական ֆիրմաներին։ ԽՍՀՄ-ն իր շուկաները ստիպված էր զիջել օտարներին ու պարապ նստել՝ ՍՄԿԿ հաջորդ համագումարների ակնկալիքով: Նույն կերպ կարող ենք համեմատել ԽՍՀՄ և Ռուսաստանի կոռուպցիոն բնութագրերը՝ համեմատելով Երևանի լամպերի գործարանի ու Մոսկվայի մարզի Ձերժինսկ քաղաքի ներկայիս արտադրության շիկացման լամպերի հուսալիությունը: Հուսալիության կոռուպցիոն բաղադրիչը հաստատվում է 25 գործակցով, այսինքն ժամանակակից Ռուսաստանում կոռուպցիայի վնասները 25 անգամ ավելացել են՝ խորհրդային ժամանակների համեմատ: Այս տերմինը ինձ շատ դուր եկավ, կարող ենք օգտագործել տնտեսությունների զարգացման ռազմավարական ծրագրերում՝ «տեխնիկայի կոռուպցիոն հուսալիություն»: Այստեղից եզրակացություն. կոռուպցիան պետք է չափվի ոչ թե տված-վերցրած դոլարներով, այլ տնտեսություններին-արտադրություններին տված վնասների չափով։ Թե չէ կոռուպցիան շարունակելու են դիտարկել որպես հնուց եկած խմելու և ծխելու նման տգեղ մի սովորություն, մանկական չարաճճիություն, որը հնարավոր կլինի վերացնել վարչապետի մեկ մատնազարկով, կամ նախարար-փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի դարձնելով 1-1,5 մլն դրամ։ Դա չի լինի: Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող հիմնվել կաշառք տվողների ու ստացողների գործողությունների փաստագրման վրա, թե «2018 թվի դեկտեմբերի 13-ին ժամը 14-ի սահմաններում դատարանի զուգարանում ինչ-ինչ հանդիպում է կայացել, դոլարներ են տվել-առել, արի ու կաշառակերի ձեռքը բռնի»: Նման գործողությունների բացահայտումը գործնականում անհնարին է, բայց դրանց վրա է հիմնված կաշառակերության դեմ պայքարի մեթոդիկան՝ փաստերի ու ապացույցների միջոցով:
Ստորև կներկայացնեմ ՀՀ վարչապետին ուղղված իմ նամակը, որը անհարկի անուշադրության մատնվեց, չնայած դատաիրավական համակարգում արմատավորված կոռուպցիոն սխեմաները ոչնչացնելու աշխատող տարբերակն էի առաջարկում։ Այն, հելիոֆիկացիայի ծրագրի հետ, մշակել էի դատավորների դեմ մղած 8-ամյա անզիջում պայքարի արդյունքում: Այս նորամուծությունը դատաիրավական համակարգի կաշառակերների դեմ պայքարի իսկական «Էվրիկան» է: 30 տարվա անցուդարձը տեսած մեր քաղաքացիները հոգեբանորեն պատրաստ չեն արտադրատնտեսական ակտիվ գործունեություններ ծավալելուն, որովհետև իշխանությունների նկատմամբ կորցրել են իրենց հավատը: Այդ հավատը վերջնականապես կորավ «թավշյա» հեղափոխությունից հետո, երբ մարդիկ հասկացան (մարդկանց մի մասը դեռ մտորումների մեջ է), որ կրկին դաժանորեն խաբվել են ու ընկել մոլորության գիրկը. «ինչպե՞ս ստացվեց, մեզ դարձյալ խաբեցին»: Ինչևիցե, փորձեցի մեր նոր իշխանություններին օգնել՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պատերազմում հաջողության հասնելու համար, որովհետև մենք այլ ճար ու ճամփա չունենք, ով էլ գա իշխանության, պետք է սկսի կոռուպցիայի դեմ մղվող պայքարից, այլապես մեր տնտեսությունը տեղից չի շարժվի, հայ դատի մեր խնդիրները չեն լուծվի: Ես բաց նամակով դիմեցի ՀՀ վարչապետին, իսկ կրկնօրինակները՝ ՀՀ արդարադատության այն ժամանակվա նախարար պարոն Արտակ Զեյնալյանին, ու Բարձրագույն դատական խորհրդի այն ժամանակվա նախագահ պարոն Գագիկ Հարությունյանին։ Նամակս դատաիրավական համակարգում գործող դատավոր-փորձագիտական կենտրոն-ՀՀ ոստիկանություն հանցավոր կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ էր։
«Մեծարգո պարոն Վարչապետ
Կոռուպցիայի դեմ մղվող պայքարն ավելի արդյունավետ կդառնա, եթե դրան մասնակից դառնան նաև ինձ նման շարքային քաղաքացիները, ովքեր գործ են ունեցել դատարաններում, ըմբռնել են դատական կոռուպցիայի խորամանկությունները: Ինձ հաջողվել է բացահայտել դատական համակարգում գործող կոռուպցիոն սխեմաներից մեկը, երբ ցանկալի «փաստերն ու ապացույցները» ձեռք են բերվում ՀՀ «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ փորձագետներին կաշառելու միջոցով: Այդպիսով դատավորները հնարավորություն են ստանում խուսափելու իրավական պատասխանատվությունից՝ դատական սխալների մեղքը բարդելով փորձագետների վրա: Տարիներ շարունակ ՀՀ «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվել է (հիմքեր ունեմ կասկածելու, որ շարունակում է զբաղվել) փորձագիտական սխալ եզրակացությունների վաճառքով, բայց սա չէ դատապարտելին: Սեփական «հետաքննությամբ» պարզել եմ, որ այս սխեման չի սահմանափակվում միայն դատավոր-փորձագետ դուետով, վտանգի դեպքում (ինչպես մեր դեպքում էր) նրանց օգնության են հասնում ՀՀ ոստիկանությունից ու ՀՀ դատախազությունից: Իմ դիտարկումները հիմնված են կոնկրետ փաստերի վրա: Միայն ՀՀ «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվային գործերի ուսումնասիրությունը բավարար կլինի, որպեսզի պատկերացում կազմենք վերջին տարիներին Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած չարաշահումների մասշտաբների մասին: Դա կարելի է հեշտությամբ իրականացնել կոմպյուտերային ծրագրավորման միջոցով՝ ավտոկոռելյացիոն կապեր հաստատելով դատավորների, փաստաբանների, փորձագետների, դատական հայցերի, փորձագիտական եզրակացությունների ու դատական վճիռների միջև:
Այլ հարց է, թե ինչու ինձ նման բազմավաստակ հայ գիտնականն ու գյուտարարը, որ երբեք չի առնչվել դատավորների ու դատարանների հետ, զբաղվել է միայն իր գիտությամբ ու արդյունաբերությամբ, նվիրումով ծառայել է հայրենիքին, գիտական սեփական շկոլա է ստեղծել, գործարաններ ու գիտահետազոտական ինստիտուտ է հիմնադրել, կարող է իր վճռական խոսքն ասել տնտեսական հեղափոխության գործերում՝ առաջ մղելով սեփական գիտությամբ ստեղծած հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագիրը, հիմա ստիպված է դատարաններում ջուր ծեծել՝ փորձելով իր ընտանիքի իրավունքները պաշտպանել կաշառակեր չինովնիկների ու դատավորների ոտնձգություններից: Մինչև կոկորդս կուշտ եմ Երևանի նախկին քաղաքապետերի ու որոշ դատավորների անմարդկային վերաբերմունքից, իրենց հայի նման չեն պահում, խիղճ չունեն, կաշառքի համար հոգի են տալիս, իրենց փողի համար անհարկի դատական քաշքշուկներ են ծավալել՝ ծաղր ու ծանակի ենթարկելով իմ ընտանիքը՝ թքած ունենալով Հայաստանի գրված ու չգրված օրենքների, նաև ՀՀ Սահմանադրության վրա:
Ո՞րն է մեր խնդիրը: Տարիներ շարունակ Մոսկովյան 21 մեր բազմաբնակարան շենքում բազմաթիվ ապօրինի շինարարական աշխատանքներ են իրականացվել: Շենքի առաջին հարկի բոլոր պատուհանային բացվածքները վերածվել են օֆիսային ու խանութային ընդարձակ դռների, որոնց պատճառով տուժել է շենքի ընդհանուր սեյսմակայունությունը: Շենքի բակային մասում պատկերն ուղղակի ողբալի է, բառացիորեն մեր բնակարանի գլխին, քաղաքապետարանի թույլտվություններով ու առանց թույլտվությունների մեծ ու փոքր պատշգամբներ են կառուցվել, որոնք անօրինական են, որովհետև անտեսվել են մեր բնակարանի նորմատիվային պահանջները: Մեր խոհանոցը զրկվել է բնական լուսավորությունից ու օդափոխությունից, 5 կետով խախտվել են մեր սահմանադրական իրավունքները, տուժել է մեր սեփականության իրավունքը. ապօրինի կառույցների պատճառով արժեքազրկվել է իմ երեխաների միակ սեփականությունը հանդիսացող բնակարանը: Բազմաթիվ անգամ բողոքել ենք, բայց անարդյունք, Երևանի քաղաքապետարանի կաշառակեր բյուրոկրատների դեմ խաղ չկա, իրենց գործի իսկական վարպետներն են: Հիմա փորձ է արվում ավելի ընդարձակելու ապօրինի շինությունները՝ արդեն մեր սեփական տարածքի հաշվին, քանի որ ազատ տեղեր այլևս չեն մնացել: Նման դեպքում դատարանի որոշում է պահանջվում, որպեսզի ամեն ինչ օրինական համարվի, դատարանի միջոցով պետք է մասնակի անվավեր ճանաչվի մեր տնտեսական պատշգամբի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը ու տրամադրվի հարևաններին, ովքեր դատարաններում հանդես են գալիս «հայցվորների» կարգավիճակով՝ իմ ընտանիքին շնորհելով «պատասխանող» կողմի կարգավիճակ և այդպես՝ 7 տարի շարունակ: ՀՀ Սահմանադրությունում գրված է (Հոդված 31), որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Թե մեր գործը որքանով է համապատասխանում «օրենքով նախատեսված դեպքերին», դատավորները չեն նշում: Դատավորները չեն բացատրում նաև, թե ինչու չեն ցանկանում հարցը լուծել օրենքի շրջանակներում՝ առաջնորդվելով շենքի ճարտարապետական նախագծով: Վերցնում ես շենքի նախագիծն ու հեռացնում այն կցակառույցները, որոնք արվել են նախագծից դուրս՝ բնակիչների նախաձեռնությամբ, կաշառքով կամ զարտուղի այլ ճանապարհներով, դատարանների կարիք էլ չէր զգացվի: Անցած 7 տարիներին, ընտանյոք հանդերձ, ունեցել ենք դատական 4 գործ և 5 դատավոր՝ թիվ ԵԿԴ/3442/02/15-ը՝ մեր հայցով (2012 թ., դատավոր` Կարեն Ավետիսյան), թիվ ԵԿԴ/3442/02/15-ը Տարոն Մարգարյանի հայցով (2013 թ., դատավոր` Պողոսյան): Այս գործերը շահել ենք, անվավեր է ճանաչվել մեր նկատմամբ վարչական տուգանք սահմանելու Տարոն Մարգարյանի շինծու որոշումը: 2014 թվականից սկսվել է դատական հետապնդումների 2-րդ փուլը, որը շարունակվում է մինչ օրս. դատական գործ թիվ ԵԿԴ/3442/02/15 (2014 թ., դատավոր` Արման Թովմասյան), դատական գործ թիվ ԵԿԴ/3442/02/15 (2014 թ., դատավոր` Ռուբեն Ներսիսյան), այժմ ընթացքի մեջ է թիվ ԵԿԴ/3442/02/15 գործի նոր վարույթը (2018 թ., դատավոր` Էդուարդ Ամալյան): Մեր խնդիրներով պարբերաբար դիմել ենք ՀՀ պատկան մարմիններին. արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ արդյունքը զրո, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ արդյունքը զրո, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանին՝ արդյունքը զրո, ՀՀ ոտիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արդյունքը զրո, ՀՀ ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանին՝ արդյունքը դարձյալ զրո: Կոռուպցիայի դեմ մշտական պայքար մղող մեր երկրում մի անհավատալի բան է կատարվում. Հայաստանում չես կարողանում գտնել կոռուպցիայի դեմ պայքարող գեթ մեկ արժանավայել պաշտոնյայի, ում հետաքրքրեր սկուտեղի վրա մատուցվող բացահայտ կոռուպցիոն սխեման: Դժվար է հասկանալ, հատկապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ինքը և կոռուպցիայի դեմ պայքարի շտաբի պետ, գնդապետ Ա. Իսկանդարյանին: Ո՞րն է այդ գնդապետի առաքելությունը և ինչի՞ համար է նա աշխատավարձ ստանում, ինչպե՞ս է նա պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե մեր բոլոր հիմնավոր հարցադրումներին մշտապես մեկ պատրաստի պատասխան ունի. «Ձեր հարցադրումներում օրենքի խախտումներ չկան, ինչի կապակցությամբ Դուք պատշաճ կարգով ծանուցվել եք»: Նման ձևական պատասխանները բերում են այն համոզմունքին, որ պարոն Ա. Իսկանդարյանը ստանձնել է կաշառակերության մեջ կասկածվող դատավորների կամ ոստիկանների պահապան հրեշտակի պաշտոնը: Կոռուպցիոն երևույթները, առաջին հերթին, պետք է բացառվեն մեր դատարաններում, որովհետև դրանից է կախված երկրի տնտեսական զարգացման հեռանկարը: Մեր երկրի դատական համակարգը ժամանակից հետ է մնացել, պատրաստ չէ աշխատելու ի նպաստ տնտեսական հեղափոխության, իմ կարգի պրոֆեսիոնալ մասնագետը երբեք չի մտնի ֆինանսական ներդրումների պատասխանատվության բեռի տակ՝ վստահ լինելով, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակներում ստիպված է լինելու գործ ունենալ հայկական դատարանների ու դատավորների հետ, ինչը լավ բան խոստանալ չի կարող: Արդարության հույսով դատարաններին դիմած գործարարի կաշին կքերթեն, բնակարանը ձեռքից կխլեն ու երեխաներին փողոց կշպրտեն: Այսօրվա դատավորների անաչառության վրա հույս դնելն ուղղակի մոլորություն կլինի: Վերջերս Հայաստանում էր Ավստրալիայի քաղաքացի Աբրահամ Տեր-Մելքոնյանը։ Նա ցանկանում է խոշոր ներդրումներ կատարել Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ուղղությամբ, պատրաստ է ֆինանսավորելու արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին չրերի ու պահածոների գործարանի շինարարությունը: Հաջողության դեպքում Հայաստանում կկառուցվեն ևս 5-10 հազար նմանատիպ գործարաններ, որից հետո հնարավոր կլինի տարածվել աշխարհով մեկ՝ միլիոնների հասցնելով նման գործարանների թիվը, որոնց պոտենցիալ շուկան գնահատվում է 1,5 տրիլիոն դոլար, կլինեն և հաջող բիզնես, և էկոլոգիա, և առողջ սննդի արտադրություն, և օրգանիկ գյուղատնտեսություն, և միջազգային համագործակցություն, և համաշխարհային ճանաչում, և բավարար աշխատատեղեր: Հիմա երկընտրանքի առաջ ենք կանգնած. ի՞նչ անել, աշխատանքները սկսել Հայաստանի՞ց, թե Ավստրալիայի՞ց, երկու տարբերակն էլ հնարավոր են, հարց է, թե բիզնեսի համար ո՞րն է անվտանգը: Հայկական դատարանների հետ սեփական շփումների փորձը հուշում է, որ, ամեն դեպքում, պետք է զգույշ լինել, սա Հայաստանն է:
Ես այն կարծիքին չեմ, թե մեր բոլոր դատավորներն են կանխակալ կամ կաշառակեր: ՈՒնեցել ենք դատավոր Արման Թովմասյանի օրինակը, որ չզլացավ ու արտագնա նիստ հրավիրեց, տեղում ծանոթացավ իրադրությանը և հետևյալ եզրահանգմանը եկավ. «հայցվորի» իրավունքները չեն խախտել, «հայցվորն» է խախտել «պատասխանողի» (մեր) իրավունքները: Գործը կարճվեց՝ առանց դատական վճիռը բողոքարկելու իրավունքի: Հայաստանի դատական օրենքները թույլ չեն տալիս, որ նույն հարցով, նույն կողմերի միջև դատական նոր գործ հարուցվի, եթե առկա է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը: Բայց 2014 թվականին դատական նոր գործ հարուցվեց (գործ ԵԿԴ/3442/02/15, դատավոր` Ռուբեն Ներսիսյան): Այս դատավորն էլ գործը կարճեց՝ իր հետևից բազմաթիվ անպատասխան հարցեր թողնելով. ա) «հայցվորի» փաստաբանի ծախսերը դրվել են «պատասխանող» կողմի վրա, ինչու՞, եթե գործը կարճվել է և պարտվող կողմ չկա։ բ) ՈՒժի մեջ է թողնվել «պատասխանողի» բնակարանը կալանքի տակ դնելու դատավորի որոշումը, ինչու՞, և, ընդհանրապես, այդ անբացատրելի կալանքով ի՞նչ նպատակ էր հետապնդել դատավորը՝ 5 տարի շարունակ սեփականատերերիս զրկելով սեփականությունը անկաշկանդ տնօրինելու մեր սահմանադրական իրավունքից, փորձել է բարոյական ճնշու՞մ գործադրել «պատասխանողի» վրա, որ ավելի զիջո՞ղ դառնա։ գ) Անհիմն ձևով մերժվել է «պատասխանողի» հակընդդեմ հայցի ընդունումը, ինչու՞։ դ) Ինչու՞ է դատավորը, «պատասխանողի» պատշգամբային հարթակի սեյսմակայունությունը որոշելու համար, դիմել «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ, եթե այդ կազմակերպությունը նման հետազոտությունների համար տեխնիկական հնարավորություններ երբեք չի ունեցել, երբ նման հետազոտությունների համար Հայաստանում գործում է հատուկ մասնագիտացված կազմակերպություն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնը» (Երևան, Ահարոնյան 3)։ ե) Դատական գործերի մեջ, որպես «փաստեր ու ապացույցներ» շարունակում է պահվել փորձագետի սխալ եզրակացությունը, ինչու՞:
Վստահ եմ, որ ԵԿԴ/3442/02/15 գործի նոր քննությունը մեկ այլ նպատակ է հետապնդում. դատավորական ընկերակցությունը կրակն է ընկել գործող կոռուպցիոն սխեմայի իմ բացահայտումների ձեռքը, փորձում է ինչ-որ ձևով ազատվել պատասխանատվությունից, կոծկել ու մոռացության տալ ՀՀ «Փորձաքննությունների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ դատավոր Ռուբեն Ներսիսյանի միջնորդավորված համագործակցության փաստը, որը կարող է նախադեպային դառնալ՝ նախկին չարաշահումները ջրի երես հանելու տեսակետից:
Մեր մտահոգությունը չի սահմանափակվում միայն ընտանիքի խախտված իրավունքների վերականգնման ու սեփականության պաշտպանության հարցերով: Մեկ կաշառակեր դատավորի պատճառով իմ դուստրերը, որոնց կարիերիան դեռ նոր է սկսվում, կարող են հայտնվել տվյալների բազայում՝ որպես օրենքների հետ խնդիրներ ունեցած քաղաքացիներ, ինչը աստվածահաճո գործ չէ:
Մեծարգո պարոն Փաշինյան, խնդրում եմ հանձնարարել, որ Ձեր վերահսկողական մարմինները, ցանկալի է նաև իմ անմիջական ներգրավմամբ, ուսումնասիրության ենթարկեն Հայաստանի դատաիրավական համակարգի «դատավոր-փորձագետ» հանցավոր կոռուպցիոն սխեման: Համակարգային կոռուպցիան սնող այս փոքրիկ առվակն էլ թող իմ օգնությամբ ցամաքեցվի, դրանով կոռուպցիայի դեմ տարվող պայքարը միայն կշահի:
Հարգանքով՝ Տեխնիկական
գիտությունների դոկտոր,
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Երևան, Մոսկովյան 21, բն.9,
հեռ: 56-44-69; 093-35-95-53;
E-mail: Technostandard@mail.ru, 14. 05.2019 թ.»։
Այս նամակից բավական ժամանակ է անցել, բայց ձայն-ձուն չկա, միայն ձևական գրություններ ենք ստացել ՀՀ արդարադատության նախարարությունից՝ մենք կաշառակերությամբ (կաշառակերության հարցերով) չենք զբաղվում, Բարձրագույն դատական խորհրդից՝ դա մեզ չի վերաբերում, իսկ ՀՀ վարչապետի գրասենյակը մեր նամակը փոխանցել էր ՀՀ արդարադատության նախարարություն, ինչից հասկացա, որ ՀՀ վարչապետի գրասենյակում անգամ չգիտեն, թե այս երկրում ո՞վ է կոռուպցիայի պատասխանատուն, ո՞վ զբաղվում կոռուպցիայի հարցերով և ո՞վ է այն արմատախիլ անելու: Անփառունակ վախճան ունեցավ նաև նամակումս նշված ավստրալիացի գործարար Աբրահամ Տեր-Մելքոնյանի հետ բռնածս գործը: 2019 թվի մարտին «Իրատեսում» նյութեր հրապարակվեցին այդ գործարարի «արևային» ծրագրերի մասին: Եթե ամեն ինչ հարթ ընթանար, ապա մենք այսօր կունենայինք արևային էներգիայով աշխատող պահածոյի գործարան ու կմտածեինք այդ բիզնեսը զարգացնելու, Հայաստանով, Արցախով ու աշխարհով տարածելու մասին, բայց դա չեղավ մի ամոթալի պատմության պատճառով: Ավստրալիացին ոգևորված էր հելիոֆիկացիայի ծրագրով, բնակարանների ջեռուցման արևային համակարգերով ու, վերջապես, արևային էներգիայով աշխատող պահածոյի գործարանի գաղափարով և պատրաստ էր հայրենիքին օգնելու՝ այս գործերը ֆինանսավորելով, բայց եղավ անսպասելին: 2019 թվականի հուլիսի 15-ին նա ընտանիքով (կինը պաղեստինցի քրիստոնյա է, որդիները՝ Միքայելն ու Մասիսը, Աբրահամը հայերեն չգիտի, բայց պարզ է, որ տերտերի թոռ է) հայրենիք էր եկել իր ընտանիքի առաջ հայրենիքը վառ գույներով, հպարտությամբ ներկայացնելու հույսով: Այդ պարծանքը ամոթանքի վերածվեց, երբ նա տաքսի վերցրեց և «Կասկադից» ուղևորվեց «Մարիոտ» հյուրանոց: համար: - Վճարեք 9000 դրամ: -Ինչու այդքան շատ, ես միշտ հազար դրամ եմ վճարել,- Աբրահամը փորձել էր առարկել տաքսիստին: -Չես տա, կկրակեմ,-տաքսիստը հանում է ատրճանակը և դնում Մասիսի փորին: -Փոքրիկը շատ էր վախեցել, պատմում է Աբրահամի ընկերը՝ Շվեդիայի քաղաքացի Հայկ Ազատյանը, ով քիչ-միչ հայերեն է սովորել ու փորձում է Հայաստանում բիզնես դնել՝ հայրենիքին օգնելու համար։ -ԱԱԾ-ի մայորի միջոցով գտանք այդ տաքսիստին, ասացին հոգեկան խնդիրներ ունի: Աբրահամը վիրավորված հեռացավ իր Ավստրալիան, իսկ մեր ապագա հարաբերությունների մեջ ճեղքվածք առաջացավ՝ մի անշնորհք տաքսիստի պատճառով: Իսկ դուք պնդում եք, թե աշխարհի լավագույն բիզնես-միջավայրն ենք ստեղծել: Միջավայրը դեռևս գաղջ է մնացել, հեղափոխությունն էլ չօգնեց:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ